Արայիկ Հարությունյանը կոչ է արել խրախուսել ընթերցանությունը

«Անտարես» հրատարակչությունը, ՀՀ կրթության և գիտության և ՀՀ մշակույթի նախարարությունների, dasaran.am-ի, Հայաստանի մշակութային հիմնադրամի աջակցությամբ, այս տարի ևս անցկացրել է ընթերցանության հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների շրջանում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով հաղթողներին և նրանց ծնողներին, նշել է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել ընթերցանությանը և խրախուսել այն: «Ցավոք, ներկայումս երեխաները քիչ են կարդում. այս առումով բոլորս անելիք ունենք՝ սկսած Կրթության և գիտության նախարարությունից մինչև տարբեր հասարակական կազմակերպություններ և ընկերություններ: Այս պահին մենք մի շարք ծրագրեր ենք քննարկում՝ երեխաներին անորակ սերիալներից, սոցցանցերում շատ ժամանակ անցկացնելուց հետ պահելու համար, և այդ ծրագրերում ընթերցանությունը կարևոր տեղ է զբաղեցնում: Մենք ծնողներին կոչ ենք անում օժանդակել մեզ այս հարցում՝ գիրքը հասցնել երեխաներին, որպեսզի նա իր ժամանակն ավելի օգտակար անցկացնի»,-նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով այն կազմակերպություններին, որոնք, ըստ Արայիկ Հարությունյանի, ընթերցանության համար այս բարդ փուլում խրախուսում են այն: Նախարարը նաև երեխաներին կոչ է արել ուշադիր լինել ընթերցանությունը խրախուսող ծրագրերին, որոնք, Արայիկ Հարությունյանի խոսքով, առաջիկայում շատ կլինեն: Նշենք, որ օլիմպիադան անցկացվել է դպրոցական, մարզային և հանրապետական փուլերով: Եզրափակիչ փուլին մասնակցել է 40 դպրոցական, որոնք այսօր արժանացել են բազմաթիվ մրցանակների:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն