1. Պատմություն

Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1948թ.ին: Սկզբնական շրջանում այն գործել է որպես արական դպրոց:
1949 թ.-ին Ի.Վ.Ստալինի ծննդյան 70-ամյակի առթիվ դպրոցը կոչվել է Ի.Վ.Ստալինի անվան հ60 դպրոց:
Ի պատիվ Վահան Տերյանի ծննդյան 80 ամյակի՝ 1965 թ.-ից դպրոցին տրվել է հայ մեծ բանաստեղծի անունը:
1965թ.-ի ամռանը մեծ իրադարձություն էր դպրոցի կյանքում: Առաջին անգամ դպրոցի կոլեկտիվը այցի գնաց հայ քնարի կախարդ երգչի ծննդավայր Գանձա: Նույն թվականին դպրոցի շքամուտքի մոտ տեղադրվեց բանաստեղծի հուշարձանը /հեղինակ՝ քանդակագործ Շահինյան/:Ամեն տարի բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 9-ին, դպրոցի պատվիրակությունը այցելում է Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը մատուցելու մեծ քնարերգուի հիշատակին:
Դպրոցը միահերթ է, աշխատում է հնգօրյա աշխատանքային ռեժիմով:
Դպրոցում դասավանդվում է 3 օտար լեզու` ռուսերեն, գերմաներեն /խորացված/ և անգլերեն: 2009թ.-ի սեպտեմբերից արտասահմանյան դպրոցների կենտրոն ZFA-ի կողմից դպրոցն ընդգրկվել է գերմաներեն խորացված ուսուցման ծրագրում: 2012 թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության միջև ստորագրվել է «Մտադրությունների համատեղ հուշագիր», ըստ որի դպրոցում ներդրվել է «Գերմաներենի դիպլոմ» ծրագիրը: Վերոնշյալ ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, աշակերտների փոխադարձ այցելություններ, գերմաներենի ուսուցիչների վերապատրաստումներ և հոսպիտալացիոն ծրագրեր, ինչպես նաև երկու երկրների նախարարության աշխատակիցների ու դպրոցների տնօրենների փոխայցելություններ: Ծրագրի շրջանակներում դպրոցը համագործակցում է Գերմանիայի Դաշնության Զաքսն-Անհալտ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Դոմ Գիմնազիայի հետ: Դպրոցում գործում է գերմաներենի կահավորված դասասենյակ, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ վերանվանվեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Յոհաննես Լեփսիուսի անունով:
Դպրոցում աշխատում է թվով 55 մանկավարժ, սովորում է 845 աշակերտ, գործում է «Տերյան» գրական ակումբը, երգչախումբը: Խմբակի աշակերտները մասնակցում են համաքաղաքային և համադպրոցական տարբեր միջոցառումների և մրցույթների: Դպրոցը համագործակցում է Էրեբունի վարչական շրջանի կրթության վարչության, «Հույսի կամուրջ», «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության, քաղաքապետարանի կրթության բաժնի, բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի, «ԱՅԲ» կրթահամալիրի և այլ կառույցների հետ: 2012թ-ից իրականացնում է ներառական կրթություն: Ձևավորվել է բազմամասնագիտական թիմ, որի անդամները համագործակցում են միմյանց, ուսուցիչների, ծնողների, ինչպես նաև երեխայի խնդիրներին առնչություն ունեցող այլ կառույցների հետ: Բազմամասնագիտական թիմը, ինչպես նաև ուսուցիչներն ու ծնողները մասնակցում են հաճախակի իրականացվող կոնֆերանսների, սեմինարների, վերապատրաստման դասընթացների: 2015-2016 ուստարվանից ներառվել է «Ազգային երգ ու պար» ծրագրին մասնակից դպրոցների շարքում: Դպրոցը մասնակցում է «ԱՅԲ» կրթահամալիրի կողմից կազմակերպած «Մեղու», «Կենգուրու», «Медвежонок» մրցույթներին և շահում բազմաթիվ մրցանակներ: Առաջին և երկրորդ դասարանցիների համար գործում է անվճար երկարօրյայի խմբակ:
Ամեն տարի համալրվում է նյութատեխնիկական բազան: Դպրոցն ունի լավ կահավորված գերմաներենի, բավարար կահավորված ռազմագիտության, համակարգչային, հայոց պատմության, կենսաբանության, ֆիզիկայի դասասենյակներ, էլեկտրոնային գրատախտակով մեթոդկաբինետ, սպորտային դահլիճ, գեղեցիկ հանդիսությունների դահլիճ, որտեղ անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ:
Դպրոցն ապահովված է ջեռուցման կենտրոնացված համակարգով, բոլոր հարկերում կան սանհանգույցներ

Երևանի Վ.Տերյանի անվան հ.60 հիմնական  դպրոցը  իրավահաջորդն է ՀՀ Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցի: