Archive for Միջոցառումներ

Ընթերցանության մրցույթ

  • Էդիթ Պրինտ հրատարակչությունը ընթերցանության ստեղծագործական մրցույթ էր կազմակերպել: Վ.Տերյանի անվ. հ60 հիմնական դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին և ունեցան արժեքավոր ձեռքբերումներ:
    Եզրափակիչ փուլ անցան մեր երկու շնորհաշատ աշակերտները, ովքեր ունեցան հաղթանակներ և իրենց արժանի տեղը զբաղեցրին հաղթողների եռյակում:
    3-5դասարան- Գագիկ Բաղդասարյանը զբաղեցրեց 1-ին պատվավոր տեղը, իսկ 6-9 դասարան- Գայանե Մելքոնյանը` 2-րդ տեղը:
    Մեր խելացի աշակերտներ, շնորհավորում ենք հաղթանակի առթիվ և մաղթում, որ այն շարունակական բնույթ կրի:
    Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է: Մաղթում ենք, որ ձեր գիտելիքները բանալի դառնան ձեր ձեռքերում, որ կարողանաք նոր դռներ բանալ….
    Կեցցե~ք, Վ.Տերյան դպրոցի արժանի սաներ:

    Տերյան դպրոցի արժանի սաները նվերներ էին պատրաստել Էդիթ պրինտ հրատարակչության տնօրինության եւ ժյուրիի անդամների համար։
    ✅Շնորհաշատ Գայանեն շուրջ մեկ ամիս տանջվել է,որ ստանա Սեւակի դիմանկարը։Այսօր այն նվիրել է հրատարակչության տնօրենին ու պարզաբանել, որ գրվածքը պատահապան չէ.լույս է հարկավոր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար… ✅Մեր տաղանդավոր Գագիկը այս տարիքում տպագրած գիրք ունի՝«Խոսելիս բերանից մարգարիտ էր թափվում» վերնագրով։ Գրքի մի քանի օրինակ նվիրեց հրատարակչության տնօրենին,ժյուրիի անդամներին։
    Աննկարագրելի էր այն հիացմունքը,որ կարդացինք ներկաների աչքերում։
    Հավատացե՜ք՝ պատահական ոբինչ չի լինում կյանքում։
    Մեր դպրոցի արժանի սաները փայլում են ամեն ասպարեզում եւ ապացուցում,որ գիտելիքը նոր աշխարհներ գրավելու բանալին է…

  • Բարի երթ ձեզ, սիրելի՛ աշակերտներ

    Սիրելի՛ աշակերտներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
    Դուք հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր: Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն:
    Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, որտեղ ձեզ սպասվում են բազմաթիվ հետաքրքիր, նոր իրադարձություններ և դժվարություններ, որոնք մաղթում եմ, որ հաղթահարեք հեշտությամբ:
    Վստահ եմ, որ դուք այս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, ունակություններն ու իհարկե դաստիարակությունը ճիշտ կօգտագործեք ձեր հետագա կյանքի ընթացքում՝ տարիներ անց առիթ տալով ձեր ուսուցիչներին հպարտությամբ նշելու, որ դուք իրենց սաներն եք եղել:
    Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ։Այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք հպարտորեն մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, բայց միաժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:
    Վ.Տերյանի անվ .հ.60 հիմնական դպրոցի տնօրեն՝
    Ա.Իսկանդարյան

    Գիտաժողով՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելմանը

    Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմն. դպրոցի բնագիտական մեթոդմիավորման նախաձեռնությամբ (ղեկ՝ Ք. Գալստյան) կազմակերպվեց գիտաժողով՝ նվիրված կորոնավիրուսի կանխարգելմանը և տարածմանը։ Ելնելով թեմայի արդիականությունից և հրատապությունից IX ա դասարանի աշակերտներ Յուրի Գալստյանը, Հասմիկ Խաչատրյանը և Գոռ Մակվեցիանը ներկայացրեցին հիվանդության առաջացման պատճառները, տարածվածությունը, դրանից զերծ մնալու միջոցները, վտանգավորության աստիճանը։ Գիտաժողովն ուղեկցվում էր հիվանդության վերաբերյալ տեղեկությունների ցուցադրումով։Այս տեղեկատվական գործընթացը տևեց 2 օր՝ 6-9 դասարանների աշակերտներին իրազեկելու նպատակով։

    Ասմունքի մրցույթ

    1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում։ Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը: Դպրոցում Տերյանի 135-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ կայացավ, որին մասնակցում էին հինգից իններորդ դասարանի աշակերտները։ Հաղթող աշակերտները ստացան խրախուսական նվերներ՝ հավերժ ուղեկից ու խորհրդատու գիրք։

    Ոչ՛, վնասակար սովորույթներին

    «Ով կյանքը չի գնահատում, նա, հիրավի, նրան արժանի չէ»։ Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի բնագիտական մ/մ-ը Լեոնարդո Դա Վինչիի այս խոսքերով սկսեց «Ոչ՛, վնասակար սովորույթներին» համադպրոցական միջոցառումը( կազմ՝ Ե. Համբարձումյան)։
    Դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերըները ներկայացրեցին ծխելու վնասակար հետևանքները, նշեցին մոլորությունից զերծ մնալու ուղիները։

    Գիրք նվիրելու օր

    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19_ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր։
    Պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը. մեզնից շատ֊շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթների, բանաստեղծությունների, անմահ քառյակների, պոեմների միջոցով։
    Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին…
    Մեր աշակերտները արժևորում են օրվա խորհուրդը։ Մեծ խանդավառությամբ էին պատրաստվել և սրտի թրթիռով սպասում էին, որ գրադարանում ոտք դնելու տեղ ազատվեր….
    Մեր պատվավոր հյուրն էր արձակագիր Աշոտ Ավետիսյանը։ Կազմակերպիչ
    գրադարանավար՝ Հասմիկ Գալստյան

    Տյառնընդառաջը

    Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին ։ Տերյան դպրոցի 6ա,բ,գ դասարանի աշակերտները, գեղագիտության մ/մ ուսուցիչների նախաձեռնությամբ, տոնեցին Տյարնընդառաջը։(ուս.՝Զ. Մովսիայան, Ն. Ավագյան, Կ. Մկրտչյան)։ Նրանք ներկայացրեցին տոնի գեղեցիկ խորհուրդը, երգեցին և պարեցին։

    Օդը լիքն էր Տերյանով…

    Վ.Տերյանի հ.60 հիմնական դպրոցի յուրաքանչյուր օրը լի է Տերյանով, բայց փետրվարի յոթը առանձնացավ իր յուրահատուկ հուզականությամբ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվել մեծ բանաստեղծի մեծարման ցերեկույթին, որը կրում էր ,,Բարի հիշե՛ք ինձ ձեր սրտում ,, խորագիրը։ Վ.Տերյանն այն հեղինակներից է, ում անունը կարելի է հնչեցնել և բառեր չփնտրել նրան ներկայացնելու համար, բանաստեղծ, ով իր ծնունդով ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին։ Թեև նրա երկրային գնացքը վաղ կանգ առավ, բայց նրա պոետական գնացքը դեռ սլանում է և անցնելով ժամանակի ու տարածության միջով՝ ավելի մեծ թափ առնում, ավելի շատ սրտեր գերում։ Նրա հուսահատությունը հույս է տալիս, խավարը՝ լուսավորում, իսկ անդարձությունը ցույց է տալիս դարձի ճանապարհը… Միջոցառման պատվավոր հյուրերն էին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ տիկին Ստեփանյանը, ,,Տերյան Մշակութային կենտրոն,, հասարակական կազմակերպության նախագահ պարոն Հակոբյանը, ,,Ջավախք,, աջակցության հիմնադրամի տնօրեն պարոն Մկոյանը, ,,Ջավախք,, հայրենակցական միության նախագահ, ազգային ժողովի պատգամավոր պարոն Թորոսյանը և հյուրեր թաղապետարանից։ Միջոցառումը կազմակերպել էին հայոց լեզվի ուսուցիչներ Թ.Արզումանյանը,Ա.Շահբազյանը, փոխտնօրեն Ա. Հովհաննիսյանը և երաժշտության ուս․ Ա․Միրիջանյանը։ Օդը լիքն էր Տերյանով…

    Վահան Տերյան 135

    Եթե երաժշտության մեջ հոգիդ չես զգում, ապա այդ երաժշտությունն անկենդան է, իսկ պոեզիայի մեջ պետք է սիրտ ու զգացում լինի ու հնչի ինչպես երաժշտություն ։ Հարգանքի տուրք մեծ քնարերգուին և ծաղկադրում Վ. Տերյանի շիրիմին։ Հոգեպարար միջոցառում Վ. Տերյանի 135-ամյակին նվիրված Կոմիտասի անվան թանգարանում։ Բեմում էին ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը, Արթուր Ութմազյանը, Գրետա Մեջլումյանը,Կարինե Ավետիսյանը և այլոք։

    Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է

    Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Արդեն 28 տարի հայկական պետության պարծանքը, ուժն ու հպարտությունը խրոխտ պարսպի պես կանգնած՝ պաշտպանում և անվրդով է պահում մեր երկրի երկինքը: Հայոց բանակի ծննդյան միջոցառումներից անմասն չեն մնում նաև Վ. Տերյանի անվան սաները և պատմության ուսուցչուհի Ս. Ղազարյանը։ Սահմանը պահող նվիրյալներին երախտիքի ու խոնարհումի խոսքեր ասելու համար յուրաքանչյուր օրը կրում է հունվար 28-յան խորհուրդը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հերոսական մարտերում ծնված, հասակ առած ու զորացած Հայոց բանակի տարեդարձը՝ մաղթելով անխռով, խաղաղ և նորանոր հաղթանակներով պսակված գոյություն: